Այս էջը հաստատված է

Իրենցմե մնացեր էին միայն ողբալի այրիներ ու որբեր, ասդին անդին վիրավորված, խեղանդամված այրեր, ծամածռած բերաններով, խենթի աչքերով և կնճռոտած ճակատներով:

Հակառակ, որ նպաստի օրերու մեջ մեր մտահոգության առաջին առարկան իրենք էին, անոնք չէին հաջողեր հասնիլ մեզի, որովհետև ադանացի աղետյալներ արգելք կըլլային, զիրենք կհեռացնեին առաջին շարքերեն. «Զուլումեն առաջ ալ այսպես էին, դուք ի՞նչ ունեիք, որ ի՞նչ կորսցնեիք… ղրկածները մեզի համար են, ձեզի համար բան չկա»,- կգոչեր օր մը քաղաքացի այրի մը դրսեցիի մը:

Չարագուշակ, լռին, ազնվական ու իրենց չքավորությանը մեջ խրոխտացած այն մասնավոր հպարտությամբ, որ անարժանի դժբախտությունը կուտա կարգ մը մարդոց, անոնք կկենային գրեթե ամեն օր ճամփան վրա: Քիչ կխոսեին, քիչ բան կպատմեին, բայց իրենց նայվածքներուն տխուր քաղցրությունը կհաղորդվեր մեզի, երբեք այնքան դյուրավ և այնքան առատությամբ բարեբար արտասուքը չէր ժայթքեր մեր աչքերեն, որքան իրենց մոտ: Մեր հարաբերությունները դյուրացնող գլխավոր պատճառներեն մեկն ալ իրենց հայախոս ըլլալն էր. ինչ սփոփանքով, գրեթե ակնածանքով կլսեինք իրենց զանազան զավակներու հատուկ շեշտը ու ասացվածքները. էրզրումցին իր մաքուր և կտրուկ նախադասություններով, պայծառ և թափանցիկ իմաստով. խարբերդցին՝ իր եղանակին սրտառուչ երաժշտությամբ, որ իր բոլոր խոսքերում արձակ բանաստեղծության մը տխրագին եևէջը կտար, ակնցին` իր երգող, մանվածապատ և երկդիմի խոսվածքով, որ միշտ տարտամ, անըմբռնելի և անսահմանելի իմաստով մը կվրդովե քեզ ու խոսքը վերջացուցած ատեն կկարծես, թե ընդհակառակը պիտի սկսի, բաղեշցին` իր գոռ, առնական և հատու շեշտով ու մշեցին` իր երկարաձգվող լացի եղանակով, որուն ոլորտներուն մեջ ժպիտ կա սակայն, ինչպես մանկական արցունքի մեջ:

Շատ անգամ մեր լսածը նոր աղետի մը պատմությունը չէր, իրենց ամեն մեկերնուն հիշատակները թրծված էին անցյալ սուգով և ցավով. ամեն մեկ հիշողության ոստում արցունքով կծանուցեր. ծներ, մեծցեր ու ապրեր էին վշտի մեջ և արևին իրենց բաշխած ամեն մեկ